Մարտի 12-ին ՌՀՄԱԿ-ում ՆԳՆ ՓԾ աշխատակիցների հետ անցկացվեց բազային կրակային պատրաստականության առաջին պարապմունքը պինդ վառելիքով կրակային նոր սիմուլյատորի վրա։

Սա միակ նմանատիպ մարզահարթակն է Հայաստանում։ Այն նախատեսված է հրդեհի վտանգավոր գործոնների պայմաններում (ծուխ, բարձր ջերմաստիճան, բաց կրակ, ջերմային ճառագայթում) հրշեջներին և փրկարարներին պատրաստելու համար:

Սիմուլյատորի առանձնահատկություններից է նաև հնարավորությունը՝ գործնականում մշակել փակ տարածքներում հրդեհաշիջման տեխնիկան և էքստրեմալ բարձր ջերմաստիճաններում հրշեջների պաշտպանության միջոցները։ Այն նաև թույլ է տալիս վերլուծել տարբեր տեսակի այրումների գործընթացը, օդա-ծխային խառնուրդները և մշակել գազա-ծխա պաշտպանության օղակների գործողությունները պիրոլիզ գազերի այրման ժամանակ։

Նոր վարժասարքը առավելագույնս մոտ է իրական հրդեհի պայմաններին, ինչը թույլ է տալիս որակապես բարձրացնել արտակարգ ծառայությունների մասնագետների մասնագիտական պատրաստվածությունը: