ՌՀՄԱԿ-ը անցկացրեց «Լեռնային և անտառային տարածքներում որոնողափրկարարական աշխատանքների իրականացում» թեմայով դասընթաց

ՌՀՄԱԿ հրահանգիչները ՀՀ Տավուշի մարզի փրկարարների համար անցկացրին արտագնա դասընթացներ « Լեռնային և անտառային տարածքներում որոնողափրկարարական աշխատանքների իրականացում » թեմայով։ Ուսուցումն անցկացվեց Իջևան քաղաքում, որին մասնակցում էին տեղի փրկարարական ստորաբաժանումների 12 աշխատակիցներ:
Դասընթացի ընթացքում ունկնդիրները մշակեցին իրենց գործնական հմտությունները պարանային հանդերձանքով աշխատանքներում , յուրացրեցին հիմնական պարանային փրկարարական հանգույցները, ինչպես նաև ուսումնասիրեցին առաջին օգնության ցուցաբերման, ռադիոկապի կազմակերպման և լեռնային տեղանքում ազդանշանների հաղորդման հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց տեղագրության և տեղանքում կողմնորոշվելու հիմունքներին:
Ուսուցման գործնական մասը ներառում էր բարդ լեռնային ռելիեֆի պայմաններում փրկարարների տեղաշարժման և տուժածների տեղափոխման գործողությունների մշակում:
Արտագնա դասընթացների անցկացումը նպաստում է Հայաստանի հեռավոր շրջաններում փրկարարների մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը և լեռնանային և անտառային տեղանքում արտակարգ իրավիճակներին արձագանքելու հմտությունների կատարելագործմանը: