Տավուշի մարզում ավարտվեց ՀՀ ՆԳՆ փրկարարների համար լեռնային և անտառային տարածքներում որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ ԱԹՍ-ների կիրառման գործնական դասընթացը:

Ուսուցման ընթացքում մասնակիցները յուրացրեցին օդային հետախուզության, պայմանական տուժածների որոնման, ինչպես նաև փրկարարական խմբերի գործողությունների համակարգման նպատակով օպերատիվ շտաբ տեսազանգի փոխանցման մեթոդները։

Գործնական պարապմունքներում ներառված էին պարապմունքներ տարբեր տեսակի DJI անօդաչու թռչող սարքերով, ջերմատեսիլ տեսախցիկով, լազերային հեռաչափով, թռիչքների իրականացում ավտոմատ ռեժիմներով, ինչպես նաև մասնագիտացված ծրագրային ապահովման օգտագործումով։

Հատուկ ուշադրություն դարձվեց տուժածների հայտնաբերման, նրանց գտնվելու վայրի հստակ կոորդինատների որոշման պարապմունքներին և ստացված տվյալների օպերատիվ փոխանցմանը վթարափրկարարական աշխատանքների շտաբ: