ՌՀՄԱԿ-ն ավարտվեց փլատակներում աշխատելու փրկարարների պատրաստման միջազգային ծրագիրը

ՌՀՄԱԿ-ում ավարտվեց «Փլատակներում, փլուզված շենքերում և շինություններում վթարային փրկարարական աշխատանքների իրականացում» թեմայով միջազգային ուսումնական ծրագիրը: Ուսուցմանը մասնակցում էին քաղաքացիական պաշտպանության Միջազգային կազմակերպության անդամ պետությունների Ալժիրի, Հայաստանի, Եգիպտոսի, Հորդանանի, Ղրղզստանի, Լիբանանի, Մոնղոլիայի, Օմանի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Սերբիայի և Սիրիայի ներկայացուցիչները:
Երկու շաբաթվա ընթացքում 12 մասնագետներ Կենտրոնի հրահանգիչների ղեկավարությամբ անցան ինտենսիվ պատրաստություն: Ծրագիրը ներառում էր ինչպես տեսական, այնպես էլ երկու խոշոր գործնական դասընթացներ , որոնք նվիրված էին մասնագիտացված վթարային փրկարարական սարքավորումների կիրառմանը, ինչպես նաև ձեռքի տակ եղած միջոցների ու ալպինիստական հանդերձանքի օգտագործմամբ մեծածավալ բեռների տեղափոխման տեխնոլոգիաներին:
Պատրաստության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել մասնակիցների միջև փոխգործակցության զարգացմանը և մասնագիտական փորձի փոխանակմանը: Միջազգային խմբի կազմում համատեղ աշխատանքը փրկարարներին թույլ է տվել կատարելագործել գործնական հմտությունները և ամրապնդել մասնագիտական կապերը։
Յուրաքանչյուր գործնական մասի ավարտից հետո մասնակիցները կատարել են ամփոփիչ քննական առաջադրանքներ, որոնք անցկացվել են սահմանափակ տեսանելիության պայմաններում, օրվա մութ ժամերին: Բացի այդ, բոլոր ունկնդիրները հաջողությամբ անցել են ամփոփիչ տեսական թեստավորում Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կրթական առցանց պորտալում: Դասընթացի ավարտից հետո մասնակիցներին հանձնվեցին ծրագրի հաջող յուրացումը հավաստող անվանական հավաստագրեր: