ՌՀՄԱԿ անցկացրեց հրդեհների մարումը մետրոպոլիտենի կայարաններում և ստորգետնյա ավտոկայանատեղիներում թեմայով դասընթաց

ՌՀՄԱԿ անցկացրեց «Հրդեհների մարումը մետրոպոլիտենի կայարաններում և ստորգետնյա ավտոկայանատեղիներում» թեմայով դասընթաց: Պարապմունքի տեսական մասը նվիրված էր մետրոպոլիտենի օբյեկտների կառուցվածքի առանձնահատկություններին, կապի կազմակերպմանը, օդափոխության համակարգերի աշխատանքին և շարժակազմի հակահրդեհային պաշտպանությանը:
Առանձնակի ուշադրություն դարձվեց ստորգետնյա կառույցներում հրդեհների զարգացման առանձնահատկություններին, հրդեհաշիջման կազմակերպման ժամանակ պաշտոնատար անձանց գործողություններին, ուժերի ու միջոցների մարտական բացազատմանը, ծխահեռացմանը, գազափոխանակության կառավարմանը և հրդեհաշիջման շտաբի աշխատանքի կազմակերպմանը: Բացի այդ, դիտարկվել են բնակելի շենքերի և առևտրի կենտրոնների ստորգետնյա ավտոկայանատեղիների հակահրդեհային անվտանգության ապահովման հարցերը:
Դասընթացի գործնական մասն անցկացվեց գիշերային ժամերին Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում: Մասնակիցները ծանոթացան օբյեկտի հակահրդեհային վիճակին ու հրդեհաշիջման համակարգերին, ինչպես նաև գործնական մինի-վարժանքների ընթացքում կատարելագործեցին հրդեհի դեպքում իրականացվող գործողությունները:
Նմանատիպ պարապմունքների անցկացումը նպաստում է մասնագիտական հմտությունների կատարելագործմանը և մասնագետների գործողությունների պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, բարդ ստորգետնյա օբյեկտներում հրդեհների ժամանակ: