Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում մեկնարկեց «Վթարափրկարարական աշխատանքների իրականացումը փլատակներում, ավերված շենքերում և շինություններում» միջազգային վարժական ծրագիրը: Ուսուցմանը մասնակցելու նպատակով Կենտրոնի բազա են ժամանեցին Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչները Ալժիրից, Հայաստանից, Եգիպտոսից, Հորդանանից, Ղրղզստանից, Լիբանանից, Մոնղոլիայից, Օմանից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից և Սիրիայից։

Երկու շաբաթվա ընթացքում ՌԱՀԱԿ-ի հրահանգիչների ղեկավարությամբ 12 մասնագետներ կկատարելագործեն իրենց մասնագիտական հմտությունները ։ Ծրագիրը ներառում է տեսական պատրաստություն, ինչպես նաև երկու խոշոր գործնական փուլ։

Առաջին փուլը նվիրված է բնական և տեխնածին ավերածությունների պայմաններում աշխատանքների ընթացքում հիդրավլիկ, պնևմատիկ և հիդրոդինամիկ վթարափրկարարական սարքավորումների կիրառմանը։ Մասնակիցները կկատարելագործեն մասնագիտացված գործիքների օգտագործման հմտությունները և կուսումնասիրեն տարբեր արտակարգ իրավիճակների սցենարներում դրանց կիրառման առանձնահատկությունները։

Երկրորդ գործնական փուլի շրջանակներում ունկնդիրները կյուրացնեն ձեռքի տակ եղած միջոցների և ալպինիստական հանդերձանքի կիրառմամբ մեծածավալ ու ծանր կոնստրուկցիաների տեղաշարժման մեթոդները, հատուկ ուշադրություն դարձնելով անվտանգության հարցերին։ Վերապատրաստման առանձին մաս կկազմեն կռունկային տեխնիկայի հետ տարվող աշխատանքները։

Դասընթացը կավարտվի համապարփակ որակավորմամբ, որը իր մեջ կներառի տեսական թեստավորում և գիշերային գործնական քննություն ՌՀՄԱԿ ուսումնական բազմաֆունկցիոնալ համալիրի վարժասարքերում։