Հոկտեմբերի 19-ից 23-ը ՌՀՄԱԿ բազայում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության աշխատակիցների համար անցկացվեցին «Վթարափրկարարական աշխատանքների իրականացումը ՃՏՊ-ների ժամանակ» թեմայով վերապատրաստման դասընթացներ:

Տեսական պարապմունքների ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին ՃՏՊ-ների ժամանակ վթարափրկարարական աշխատանքների իրականացման կարգը, հիդրավլիկ և պնևմատիկ գործիքների, ինչպես նաև տուժածներին արգելափակումից անվտանգ դուրս բերելու սարքավորումները: Ծրագրի առանձին մի մաս նվիրված էր առաջին օգնության ցուցաբերմանը, ինչպես նաև հիբրիդային և էլեկտրական մեքենաների մասնակցությամբ փրկարարական աշխատանքների իրականացման առանձնահատկություններին, ներառյալ դրանց հետ կապված ռիսկերը:

Գործնական պատրաստությունը ներառում էր գործողությունների մշակում ՃՏՊ տարբեր սցենարների դեպքում: Հատուկ ուշադրություն է դարձվել փրկարարական աշխատանքների իրականացման մարտավարության ընտրությանը և մասնակիցների միջև պարտականությունների բաշխմանը, ինչը նպաստում է ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակության և տուժածներին օգնություն ցուցաբերելու արդյունավետության բարձրացմանը: