«Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը՝ սեյսմիկ անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաները» միջազգային գիտագործնական կոնֆերանս

2021թ․ դեկտեմբերի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ ԱԻՆ պատվիրակությունը փոխնախարար Նիկոլայ Գրեչուշկինի գլխավորությամբ այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։
Այցի շրջանակներում կանցկացվի «Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը՝ սեյսմիկ անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաները» միջազգային գիտագործնական կոնֆերանսը։ Նշված աղետի 33 ամյակին նվիրված էկոնֆերանսը թույլ կտա փոխանակվել կարծիքներով և գործնական գիտելիքներով, ընտրել ընդհանուր մոտեցումներ, ծանոթանալ երկրաշարժերից և դրանց հետևանքներից բնակչության և տարածքների պաշտպանության բնագավառում առկա նորագույն մշակումներին։ Ավելի քան 10 երկրներից տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները կքննարկեն մոնիթորինգի ավտոմատացված համակարգերի, տուժածներին օգնության ցուցաբերման, երկրաշարժերի երկրորդական հետևանքների նվազեցման, խաղաղ բնակչության պատրաստվածության և այլ հարցեր։
Կոնֆերանսից հետո մասնակիցները կծանոթանան 2016 թվականին բացված Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատանքի հնարավորությունների, նյութատեխնիկական հագեցվածության և կրթական բազայի հետ։
Գործնական մասում կցուցադրվեն երկրաշարժի հետևանքների վերացման միջազգային ցուցադրական վարժանքներ՝ ներառելով ՀՀ ԱԻՆ, ՌԴ ԱԻՆ, Ռուս-Հայկական մարդասիարական արձագանքման կենտրոնի, Ռուս-Սերբական մարդասիրական կենտրոնի, Հայկական Կարմիր Խաչի ընկերության և Իրանի Իսլամական Հանրապետության փրկարարների ուժերը և միջոցները։
Դեկտեմբերի 7-ին հյուրերը Գյումրիում կմասնակցեն Սպիտակի երկրաշարժի 33-ամյակի կապակցությամբ կազմակերպված հիշատակի արարողություններին։ Նախատեսվում է ծաղկեպսակներ դնել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։