Ավարտվեց մասնագիտական վերապատրաստման լրացուցիչ ծրագրով ուսուցումը

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության մասնագետները շաբաթվա ընթացքում Կենտրոնի ուսումնական բազայում՝ պատրաստվում էին փլատակների, ավերված շենքերի ու շինությունների մեջ փրկարարական աշխատանքների անցկացման հմտություններին։

Դիտարկվել են քաղաքային պայմաններում որոնողա-փրկարարական ոլորտում INSARAG մեթոդաբանության հիման վրա փրկարարական աշխատանքների կազմակերպման և անցկացման սկզբունքները։ Դասընթացը ներառում էր տեսական և գործնական ուսուցում անօդաչու թռչող սարքերի, տարբեր տեսակի փրկարարական գործիքների և կապի մասնագիտացված սարքավորումների կիրառմամբ: Վարժանքներ են եղել տուժածներին ապաշրջափակելու, կառույցներում բացվածքների, կառուցվածքային տարրերի բարձրացման և տեղափոխման համար հատուկ սարքերի միջոցով։ Նաև ուսուցվողները հնարավորություն ունեցել փորձարկել սահմանափակ տարածքներում խոչընդոտները հաղթահարելու, փլատակների տակից տուժածներին հանելու և ավերված շենքերի վերին հարկերից տուժածներին տարհանելու մասնագիտացված միջոցներ կիրառելու իրենց հմտությունները:

Դասընթացն ավարտվեց տեսական քննությամբ և ընդգրկուն գործնական պարապմունքով։ Քննությունը հաջողությամբ հանձնածները ստացան Կենտրոնի կողմից վերապատրաստման վկայականներ: