Սպիտակի երկրաշարժի դասերը ողջ աշխարհի համար. դիմակայուն Հայաստան

Ապրիլի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական կողմի տնօրեն Յուրի Պոլեշչուկին և Ռուսաստանի փրկարարների միության ներկայացուցիչ Մարինա Ցարյովային:

Հանդիպման նպատակն էր քննարկել Ռուսաստանի փրկարարների միությունից ՀՀ ԱԻ նախարարին ուղղված դիմում-նամակը, որում ռուսական կողմը խնդրում է աջակցել սույն թվականի դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք «Երկրաշարժը Հայաստանում – 30 տարվա ողբերգություն. քաղված դասեր և փրկության փորձառություն» թեմայով գիտական-պրակտիկ համաժողովի անցկացմանը: Համաժողովի նպատակն է վերլուծել պատմական փորձը և դրա հիման վրա կատարելագործել բնակչության կենսագործունեության ապահովման և պաշտպանության ժամանակակից տեխնոլոգիաները:

ՀՀ ԱԻ նախարարը նշեց, որ այս տարի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի հիշատակմանն ընդառաջ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվելու է Դիմակայունության օր, և «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո անկացվելու են միջազգային համաժողով, Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակման միջոցառումներ, համապետական վարժանք և Դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ:Նախարարը պատրաստակամություն հայտնեց աջակցել Ռուսաստանի փրկարարների միության նախաձեենությանը: Քննարկվեց նույն թեմայով երկու երկրների համաժողովների միաժամանակյա անցկացման և հեռուստակամրջի միջոցով համատեղ աշխատանքներ իրականցնելու հնարավորությունները: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին համատեղ աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը