Պարգևատրվեցին Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի մի խումբ աշխատակիցներ

Մարտի 24-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի (ՀՌՄԱԿ) վարչության հայկական կողմի համանախագահ, կենտրոնի գործունեությունը համակարգող ԱԻ փոխնախարար Է. Ապրիամովի միջնորդությամբ տարբեր պարգևներով խրախուսել է կենտրոնի մի խումբ աշխատակիցների՝ ՀՌՄԱԿ կայացման և զարգացմանն ուղղված աշխատանքներին ակտիվ մասնակցության, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար:

ՀՀ ԱԻ նախարարի հրամանով «Համագործակցություն հանուն փրկության» մեդալ է շնորհվել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ՌԴ կողմի համատնօրեն Յուրի Պոլեշչուկին և արձագանքման գծով տեղակալ Կոնստանտին Իզվարինին:

«Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալի են արժանացել ՀՌՄԱԿ համատնօրենի տեղակալներ, փ/ծ գնդապետներ՝ Էդուարդ Յաշչյանը և Արթուր Հակոբյանը:

Նախարար Դ. Տոնոյանը հուշանվերներ է հանձնել ՀՌՄԱԿ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետի տեղակալ, փ/ծ մայոր Էդգար Շամիրյանին, փրկարարական ուժերի և միջոցների բաժնի փրկարարական ջոկատի հրամանատար Վլադիմիր Տյուրնինին ու մոնիթորինգի և կանխատեսումների մասնագետ-փրկարար Իվան Բեկլեմիշևին (ՌԴ կողմից):

ՀՀ ԱԻ նախարարության պատվոգիր է շնորհվել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարներ (ՌԴ կողմից) Պավել Տերեխովին, Միխայիլ Կլոչկովին, Ալի Բիչուրինին, արհեստանոցի վարիչ Գևորգ Մանուկյանին և տեխնիկ Հայկ Հովհաննիսյանին:

Շնորհակալություն հայտնելով բարեխիղճ ու արդյունավետ աշխատանքի համար, ԱԻ նախարարը կարևորեց Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ակտիվ մասնակցությունը մեր երկրում ԱԻ արձագանքման և հետևանքների վերացման արդյունավետ համակարգի ստեղծման գործում: – Մեր երկրի համար զգալի աջակցություն էր նման քանակության տեխնիկայի ընդունումը, և վստահ եմ, որ այսպիսի տեխնիկական հագեցվածությունն էլ ավելի կնպաստի ԱԻ արձագանքման արդյունավետությանն ու հետևանքների վերացմանը, – նշեց Դ. Տոնոյանը:
ԱԻ նախարարն ավելացրեց նաև, որ այսօր Ռուսաստանում ստեղծված է ԱԻ արձագանքման ամենաարդյունավետ համակարգերից մեկը և այդ իմաստով ռուսական փորձը շատ կարևոր է մեզ համար: – Մեր մասնագետները ուսուցում և վերապատրաստում են անցնում Ռուսաստանի տարբեր ուսումնական հաստատություններում, վստահ եմ, որ վերապատրաստման դասընթացները և համատեղ վարժանքները կնպաստեն փորձի արդյունավետ փոխանակմանը, – ավելացրեց նախարար Տոնոյանը:

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ՌԴ կողմի համատնօրեն Յուրի Պոլեշչուկը, շնորհակալություն հայտնելով ռազմավարական կառավարման համար, նշեց, որ կենտրոնը պատրաստ է հետագա սերտ համագործակցության: – Կենտրոնի աշխատանքն առաջիկայում նույնպես ուղղված է լինելու ճգնաժամային կառավարման կենտրոնների փոխկապակցմանը, հայ գործընկերների հետ արդյունավետ համագործակցության համար ուժերի պատրաստվածությանն ու փորձի շարունակական փոխանակմանը, – ասաց Յուրի Պոլեշչուկը: