ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդին

Մարտի 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորացման և ընդլայնման ուղիները՝ մասնավորապես տարածաշրջանում միակը հանդիսացող Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի կարողությունների հզորացման միջոցով: Կողմերը քննարկել են տեխնիկական աջակցության և վերազինման գործընթացը, արտակարգ իրավիճակներում կանխարգելիչ և հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ փորձի փոխանակման և կադրերի վերապատրաստման հնարավորությունները:

Իր կարողություններով և հագեցվածությամբ Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնը հնարավորություն է ընձեռում բարձրացնել դիմակայունությունը մարդածին և բնական աղետներին ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանային մակարդակով:

Կողմերն անդրադարձան նաև ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության և Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի, ինչպես նաև՝ Հայաստանում տեղակայված Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության վարչության միջև 2017 թ.-ին ստորագրված համագործակցության պլաններին:

Համագործակցության պլաններով նախատեսված է ապահովել տարերային և տեխնածին արտակարգ իրավիճակների ծագման կամ ծագման վտանգների մասին ազդարարում և տեղեկատվության փոխանակում, համատեղ ուսումնավարժությունների անցկացում, վթարավերականգնողական փրկարարական աշխատանքների կազմակերպում և արտակարգ իրավիճակներում տուժածների կենսագործունեության ապահովման միջոցառումների իրականացում: